Jump to content

Հակոբ Դ Ջուղայեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հակոբ Ջուղայեցի (այլ կիրառումներ)
Հակոբ Դ Ջուղայեցի
Դիմանկար
Ծնվել է1598[1]
ԾննդավայրՋուղա, Central District, Ջուղա շահրեստան, Արևելյան Ադրբեջան, Իրան
Մահացել էօգոստոսի 1, 1680(1680-08-01)[1]
Մահվան վայրԿոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն
Մասնագիտությունկաթողիկոս
Զբաղեցրած պաշտոններԱմենայն Հայոց Կաթողիկոս

Հակոբ Դ Ջուղայեցի (1598[1], Ջուղա, Central District, Ջուղա շահրեստան, Արևելյան Ադրբեջան, Իրան - օգոստոսի 1, 1680(1680-08-01)[1], Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն), հայ հոգևորական, ամենայն հայոց կաթողիկոս 1655-1680 թվականներին։ Հաջորդել է Փիլիպոս Ա Աղբակեցի կաթողիկոսին։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամենայն Հայոց կաթողիկոս Հակոբ Դ Ջուղայեցին ծնվել է 1598 թվականին, Հին Ջուղայում։ 1604 թվականին շահ Աբաս Մեծի կողմից կազմակերպված բռնագաղթի հետևանքով Ջուղայեցու ընտանիքը նույնպես տեղափոխվել է Իրանի մայրաքաղաք Սպահանի մոտ հաստատված Նոր Ջուղա գյուղաքաղաքը։ Այստեղ Հակոբ Ջուղայեցին ստացել է իր սկզբնական կրթությունը՝ աշակերտելով Նոր Ջուղայի դպրոցի և հայկական տպարանի հիմնադիր, Նոր Ջուղայի հոգևոր թեմի առաջնորդ Խաչատուր Կեսարացու մոտ. «Եւ ուսաւ ի նմանէ զամենայն վարս առաքինութեան և զամենայն գիտութիւն աստուածային գրոց և եղև կուսակրօն քահանայ»,- գրում է Զաքարիա պատմիչը։ Այնուհետև ուսումը շարունակել է Ս. Էջմիածնում։ Այստեղ էլ կաթողիկոս Փիլիպոս Ա Աղբակեցին նրան վարդապետական իշխանության գավազան տալով՝ «Առաքեաց աշխարհ յունաց ի նուիրակութիւն»։ Փիլիպոս Ա Աղբակեցու կաթողիկոսության վերջին տարիներին Հակոբ Դ Ջուղայեցին եղել է տեղապահ և հենց այս ժամանակ էլ ծավալել շինարարական բեղուն գործունեություն։

Այս տեսակետից հիշատակելի են Ս. Գայանեի և Ս. Հռիփսիմեի վկայարանների նորոգումը, և հատկապես Դարաշամբի Ս. Ստեփանոս Նախավկայի վանական համալիրի հիմնովին վերաշինությունը, որը դարի մեծագույն պատմագիր Առաքել Դավրիժեցին նկարագրում է անթաքույց հիացմունքով։

1655 թվականի ապրիլի 8-ին օծվելով Ամենայն Հայոց կաթողիկոս՝ Հակոբ Դ Ջուղայեցին կարճ ժամանակ անց այցելել է Սպահան՝ նպատակ ունենալով հանդիպելու այդ ժամանակ Մայր Հայրենիքի հասարակական-քաղաքական, գիտամշակութային ու գաղափարական-եկեղեցական կյանքին տոն ու ընթացք տվող Ջուղայի հայության հետ, ինչպես նաև տեսակցել պարսից շահի հետ։ Արժանանալով պարսից շահի ընդունելությանն ու բարյացակամ վերաբերմունքին՝ Հակոբ Դ Ջուղայեցին կարողացել է կարգավորել Մայր Աթոռի առջև ծառացած խնդիրները և իրավունք ստացել ծավալելու տնտեսական-բարենորոգչական, շինարարական ու լուսավորական գործունեություն։ Այդ տեսակետից նրա առաջին ձեռնարկումը եղավ Մայր Տաճարի զանգակատան ընդհատված շինարարության վերսկսումն ու ավարտումը, որի օծումը տեղի ունեցավ 1658 թվականի սեպտեմբերին, Խաչվերացի օրը։ Հակոբ Դ Ջուղայեցին, ձեռնամուխ լինելով Մայր Աթոռի տնտեսության բարեկարգմանը, ձեռք է բերում վանքապատկան նոր գյուղեր ու կալվածքներ, կառուցում ջրանցքներ, ջրամբարներ, ջրաղացներ և համանման այլ շինություններ։ Շարունակելով Փիլիպոս Ա Աղբակեցու կրթական ու լուսավորական գործունեությունը՝ Հակոբ Դ Ջուղայեցին զարկ է տալիս Մայր Աթոռի մշակութային ու մատենագրական կյանքին, մասնավորապես ավարտին է հասցվում Փիլիպոս Ա Աղբակեցու մահից հետո ընդհատված «Գիրք պատմութեանց» կոթողային երկը, իսկ տպագրական գործունեության նպատակով Եվրոպա է գործուղել նախ Մատթեոս Ծարեցուն, ապա Կարապետ Ադրիանացուն, իսկ 1662 թվին՝ Ոսկան Երևանցուն, որը հսկայական ջանքերի գնով կատարել է գիտահրատարակչական իսկական սխրանք. 1666 թվին սկսեց և 1668 թվին ավարտին հասցրեց Աստվածաշնչի հայերեն առաջին հրատարակությունը։ Ոսկան Երևանցին 1669 թվականին տպագրեց Առաքել Դավրիժեցու «Գիրք պատմութեանց» երկը։ Հակոբ Դ Ջուղայեցու անմիջական հովանավորությամբ Մայր Աթոռում գիտամշակութային կյանքի աննախադեպ զարգացման լավագույն վկայություններից է նաև Ստեփանոս Լեհացու ծավալած թարգմանչական արգասավոր գործունեությունը։

Բնական է, որ Հակոբ Դ Ջուղայեցին բարենորոգչական դպրոցի աշակերտ լինելով՝ պետք է կարողանար այդ դպրոցից ելած նշանավոր անձանց գնահատել և ասպարեզ տալ։ Սյունյաց անապատը այդ ժամանակ երկրաշարժից ավերվել էր և կաթողիկոսը նրա միաբաններին համախմբեց Տաթևում, և այս նոր դպրոցն էլ ստացավ «Մեծ անապատ» անունը, իսկ նախկինը՝«Հարանց անապատ»։

Հակոբ Դ Ջուղայեցու կաթողիկոսության տարիներին փաստորեն մեծ վերելք ու ծաղկում էր ապրում Էջմիածնի միաբանությունը, որը կազմված էր գիտնական անդամներից։ Ջուղայեցու ջանքերով շահը հրաման է ստորագրում, որով Վաղարշապատ գյուղը պատկանում էր էջմիածնին

Փաստորեն Հակոբ Դ Ջուղայեցին իր ժամանակի ամենակրթված ու եռանդուն հայ եկեղեցականներից էր։ Նա հատկապես նշանավոր էր Հայաստանում և հայկական գաղթավայրերում կաթոլիկ քարոզիչների դեմ հակագործունեություն ծավալած գործիչ։ Նախանձախնդիր էր Ամենայն Հայոց կաթողիկոսության դիրքն ու հեղինակությունը ամրապնդելուն։

Հակոբ Դ Ջուղայեցին Մայր Աթոռին վերաբերող բազմաթիվ հոգսերի մեջ չէր մոռանում սակայն, որ ինքը մի վանքի վանահայր չէ, այլ մի ազգի հայրապետ, ուրեմն և նրա պարտականությունն էր աչալրջորեն բարեկարգել նաև մյուս վանքերը։ Արդարև նա իր այս պարտականությունը ևս սրբությամբ կատարել է։ Հայտնի է, որ այս ժամանակ կառուցվում կամ նորոգվում են բազմաթիվ վանքեր, օրինակ Մուղնին նրա նյութական և բարոյական օժանդակությամբ է կառուցվում, Հովհանավանքը ավելի է շքեղանում և ծաղկում։

Փաստորեն Հակոբ Դ կաթողիկոսը մեծամեծ գործերով և արժանի հովվապետության շնորհիվ ժամանակակիցների հիացմունքին ու գովասանքին է արժանացել և ունեցել է մեծ հեղինակություն։ Նույնիսկ նրա հեղինակությունը ճանաչում էր Աղվանից եկեղեցին։ Հայրապետի իշխանությունը տարածվում էր նաև թուրք իշխանների և Երևանի խաների վրա։

Հակոբ Դ Ջուղայեցին 17-րդ դարի 60-ական թվականներին մեծ ջանքեր է գործադրել նաև եկեղեցական կյանքի կարգավորման ուղղությամբ. հիշարժան է հատկապես Աղթամարի, Սսի, Կ. Պոլսի և Երուսաղեմի հոգևոր կենտրոնների միջև ծագած տարաձայնությունների ու հակասությունների լուծումը։ Հակոբ Դ Ջուղայեցուց մեծ ջանքեր պահանջվեցին ի չիք դարձնելու Օսմանյան Թուրքիայի տիրապետության տակ գտնվող Արևմտյան Հայաստանում հակաթոռ կաթողիկոսություն ստեղծելու Երուսաղեմի Հայոց պատրիարք Եղիազար Այնթափցու գործնական ձեռնարկումները։ 1665-1667 թթ. Հակոբ Դ Ջուղայեցին այդ նպատակով ստիպված այցելեց Զմյուռնիա, Երուսաղեմ, Կ. Պոլիս, իսկ Ադրիանապոլսում ընդունելության է արժանանում սուլթան Մեհմեդ IV-ի կողմից։ Հակոբ Դ Ջուղայեցու կենսագրության փայլուն էջերից են 1668 թվականին, Երևանի Սաֆի խանի կամքին հակառակ, գաղտնի մեկնումը Սպահան, Սուլեյման շահին այցելությունը և Սաֆի խանի պաշտոնանկությունը։ 1670 թվականի սկզբին վերադառնալով Ս. Էջմիածին՝ Հակոբ Դ Ջուղայեցին կարգավորեց եկեղեցական գործերը և դրեց խաղաղ ընթացքի մեջ։

Հակոբ Դ Ջուղայեցին մտածում էր արևմտյան տերությունների օգնությամբ Հայաստանն ազատագրել օտարի տիրապետությունից։ Եվ ահա հայ ազատագրական շարժման արևմտաեվրոպական դեգերումների հերթական դրվագն առնչվում է Հակոբ Դ Ջուղայեցու անվան հետ։ Հույս ունենալով, որ այդ հարցում կարող է համագործակցել Հռոմի պապի հետ, նամակներ է հղել Ալեքսանդր Է և Կղեմես Ժ պապերին, ինչպես նաև կապեր հաստատել ֆրանսիական միսիոներների հետ՝ ակնկալելով նրանց միջնորդությամբ ստանալ Լյուդովիկոս XIV թագավորի հովանավորությունը։ Չբավարարվելով նման ձեռնարկումներով՝ Հակոբ Դ Ջուղայեցին որոշում է անձամբ մեկնել Եվրոպա՝ հայրենիքի ազատագրության գործը իրական հիմքերի վրա դնելու համար։ Քաջ հասկանալով, որ եվրոպական տերությունները ակնկալված օգնության դիմաց կարող են մեծ գին պահանջել, այսինքն առաջարկել Հայոց եկեղեցին ենթարկել Հռոմի գերիշխանությանը, Հակոբ Դ Ջուղայեցին որոշում է անելիքը հստակեցնելու նպատակով հրավիրել խորհրդաժողովներ և քննարկել իր ծրագրերը։ Թեև հայագետներից ոմանք գտնում են, որ 1670 թվականին Սպահանից Էջմիածին վերադառնալուց հետո «այնտեղ դադարեցաւ մինչև 1678 տարին», բայց ձեռագիր սկզբնաղբյուրների ուսումնասիրությունից պարզվում է, որ 1673-1674 թթ. նա նորից եղել է Նոր Ջուղայում և տեղի հոգևոր, հավանաբար նաև աշխարհիկ ավագանու հետ քննարկել իր անելիքները։ Այդ մասին հետաքրքիր տեղեկություններ է հայտնում հոգևորականների խորհրդաժողովի մասնակից Հովհաննես Մրքուզ Ջուղայեցին։

Ս. Էջմիածնում այս շրջանում Հայաստանի ազատագրության ամբողջ հույսն արդեն կապում էին Հաբսբուրգների հետ։ Կրետեի անհաջող պատերազմից հետո(1645-1669 թթ.) հակաթուրքական պայքարի ղեկն իր ձեռքն էր վերցրել Ավստրիան, որը դաշնակցած Ռեչ-Պոսպոլիտայի(Լեհաստան), Վենետիկի, Ռուսաստանի և գերմանական մի քանի իշխանությունների հետ, դիմագրավում էր Եվրոպայի կենտրոնում հայտնված թուրքական զորաբանակներին։ Ավստրիայի կայսր Լեոպոլդ I–ին ուղարկված խնդրագրում կաթողիկոսը հավաստիացնում էր, թե հայերն իրենց ազատագրական հույսերը միշտ էլ կապել են Հաբսբուրգների տան հետ։ Միաժամանակ կաթողիկոսը վստահեցնում էր, թե հայկական կողմը պատրաստ է դավանաբանական ինչ-ինչ զիջումներ կատարել կաթոլիկ եկեղեցուն։ Հասկանալի է, որ այդ հավաստիացումները դիվանագիտական քայլեր էին և չէին արտահայտում իրերի բնական ընթացքը։

Ահա այսպիսի պայմաններում 1677 թվականին Ս. Էջմիածնում Հակոբ Դ-ն հրավիրում է գաղտնի ժողով, որին մասնակցում էին ինչպես Արցախի և Սյունիքի մելիքների ներկայացուցիչները, այնպես էլ բարձրաստիճան հոգևորականներ, մեծատուններ, թվով 12 մարդ։ Քննարկման ներկայացված հիմնական հարցերը Հայաստանի ազատագրության, հայ և կաթոլիկ եկեղեցիների փոխհարաբերություններն էին։ Ժողովը որոշում է օգնության խնդրանքով դիմել Հռոմի պապին և հնազանդություն հայտնելով՝ նրա միջնորդությամբ բանակցություններ վարել Արևմուտքի հզոր տերությունների հետ։

Նորություն այն էր, որ հատուկ քննարկվում էր Վրաստանի հետ համագործակցության հարցը։ Հենց խորհրդաժողովում էլ որոշվում է Հակոբ Դ Ջուղայեցու գլխավորությամբ հոգևոր և աշխարհիկ գործիչներից բաղկացած հատուկ պատվիրակություն ուղարկել Եվրոպա։ Կաթողիկոսական տեղապահ նշանակելով դարի ականավոր մտավորական Ստեփանոս Լեհացուն՝ Հակոբ Դ Ջուղայեցին պատվիրակության գլուխ կանգնած մեկնում է Եվրոպա, սակայն ճանապարհին լինում է Վրաստանում։ Թիֆլիսում Քարթլիի թագավոր Գեորգի XI-ի և վրաց պատրիարքի հետ քննարկում է հայ-վրացական համատեղ պայքարին վերաբերող հարցեր։ 1679 թվականի դեկտեմբերին պատվիրակությունը հասնում է Կ. Պոլիս, որտեղ Հակոբ Դ Ջուղայեցին նախ կարգավորում է Երուսաղեմի և Կ. Պոլսի Հայոց պատրիարքությունների միջև ծագած հակասությունները, ինչպես նաև կանխում հակաթոռ կաթողիկոսություն ստեղծելու ուղղությամբ Եղիազար Այնթափցու վերսկսած գործողությունները։ Նշելի է, որ Հակոբ Դ Ջուղայեցին հատուկ ուղերձ է հղել Ռուսաստանի ցար Ալեքսեյ Միխայիլովիչին և հայ ազատագրական շարժման պատմության մեջ առաջին անգամ օգնություն ակնկալել Ռուսաստանից։ Վատիկանի հետ ապագա բանակցությունները նախապատրաստելու համար կաթողիկոսը պատվիրակության անդամներից մեկին՝ Առաքել Բոկոտն վարդապետին, 1679 թվականին ուղարկում է Հռոմ, իսկ ինքը, հայ նշանավոր մտավորական Երեմիա Քեոմուրճյանի խորհրդով թղթակցում է Ռեչ-Պոսպոլիտայի թագավոր Յան Սոբեսկու հետ։ Վերջինս, որ Եվրոպայի հեղինակավոր միապետերից էր, հայկական որոշ շրջանակներում դիտվում էր որպես Հայաստանի ազատագրմանը սատարող ամենահավանական եվրոպական քաղաքական գործիչներից մեկը։ Հետաքրքիր է, որ ինքը՝ Սոբեսկին, կաթողիկոսին ուղղված պատասխան նամակում որոշակի օգնություն էր խոստանում՝ վերականգնելու Հայաստանի քաղաքական անկախությունը։

Իր ապագա ուղևորության հետ կապված հարցերի քննարկուների ընթացքում համոզվելով, որ եվրոպական տերություններից ակնկալվող օգնության դիմաց կարող է վտանգվել Հայ եկեղեցու ինքնուրույնությունը, ըստ էության հրաժարվում է Եվրոպա մեկնելու մտադրությունից։ Մայիս ամսից սկսում է վատանալ Ամենայն Հայոց հայրապետի առողջական վիճակը։ Հակոբ Դ Ջուղայեցին վախճանվում է 1680 թվականի օգոստոսի 1-ին և հաջորդ օրը աճյունը հողին է հանձնվում Կ. Պոլսի Ղալաթիա թաղամասի գերեզմանատանը։ Հակոբ Դ Ջուղայեցու շիրիմը դարեր շարունակ եղել է ուխտատեղի՝ Հոգևոր տեր անունով։ Հակոբ Դ Ջուղայեցու մահից հետո պատվիրակության անդամներից Իսրայել Օրին ուղևորվեց Եվրոպա, իսկ մյուսները վերադարձան հայրենիք։

Հակոբ Դ Ջուղայեցուց հետո Էջմիածնի միաբանների հրավերով Ամենայն Հայոց կաթողիկոս ընտրվեց Երուսաղեմի Հայոց պատրիարք Եղիազար Այնթափցին։ Ենթադրելի է, որ Հակոբ Դ Ջուղայեցին նախապես Էջմիածնի միաբաններին այդպես էր նախապատրաստել՝ Մայր Աթոռի գլխին կախված հակաթոռության շուրջ 20-ամյա վտանգը վերացնելու նպատակով։ Հետագա դեպքերը ցույց տվեցին նման որոշման ճշմարտացիությունը։

Այսպիսով, Հակոբ Դ Ջուղայեցին ժամանակի ամենակրթված ու եռանդուն հայ հոգևորականներից էր, ով ծավալել է կրթական, մշակութային, շինարարական, բարենորոգչական ու լուսավորական մեծ գործունեություն, նպաստել Մայր Աթոռի մշակութային ու մատենագրական կյանքի վերելքին։ Ջուղայեցին մեծ ջանքեր է գործադրել նաև կաթողիկոսության միասնությունն ու դիրքը ամրապնդելու համար և նախանձախնդիր էր նրա հեղինակությունը բարձրացնելուն։ Արժանահիշատակ են նաև տպագրության գործը խթանելու ուղղությամբ նրա ձեռնարկած քայլերը։ Շատ կարևոր էր հատկապես Հայաստանի ազատագրության հարցի շուրջ Հակոբ Դ Ջուղայեցու ծավալած գործունեությունը, Հռոմի պապին, եվրոպական միապետերին ուղարկված դիմում-նամակները։ Երկրի ազատագրության խնդիրը, անշուշտ, հոգևորականության գործառույթը չէ, սակայն պետք է նշեմ, որ 17-18-րդ դարերում, ազատագրական պայքարի կազմակերպողի, ոգեշնչողի ու ղեկավարի դերում մենք կարող ենք տեսնել հայ հոգևորականությանը, ընդ որում նրա բարձրախավին՝ կաթողիկոսներ, եպիսկոպոսներ, որոնք էլ գլխավորում էին այդ պայքարը։

Այսպիսով, հայ եկեղեցին և հայ հոգևորականությունը միշտ էլ վճռական դեր են կատարել մեր ժողովրդի պատմության բախտորոշ շրջափուլերում։ Եկեղեցին ոչ միայ եղել է հոգևոր տուն, այլ երկար դարեր կրթության ու լուսավորության կաճառ։ Եկեղեցին ու հոգևորականությունը միշտ եղել են իրենց ժողովրդի կողքին նաև պատերազմական իրավիճակներում՝ սկսած Ավարայրից մինչև Արցախյան ազատագրական պատերազմ։

Եկեղեցու դերը հատկապես մեծ է եղել պետականության բացակայության պայմաններում, երբ այն իր վրա է վերցրել ազգային ինքնության պահպանման դժվարին ու սրբազան գործը։ Պետք է նշեմ, որ այսօր էլ նա անձնվեր կատարում է իր այդ առաքելությունը։

Ժամանակակիցները Ջուղայեցուն բնորոշել են որպես նվիրված ու առաքինի, խելամիտ ու իմաստուն անձնավորության։ Նա իր բարձրագույն ուսումն ստացել է Էջմիածնում՝ աշակերտելով Մելիքսեթ Վժանեցուն և Սիմեոն Ջուղայեցուն։ Դեռ Փիլիպոս Ա Աղբակեցի կաթողիկոսի ժամանակներից աչքի է ընկել իր աշխատասիրությամբ, ճարպկությամբ, վարել է Մայր Աթոռի գործերը, իսկ կաթողիկոսական տարիներից արդեն ձեռնամուխ է լինում բազմաթիվ շինարարական աշխատանքների։

Իր հայրապետության տարիներին Հակոբ Դ Ջուղայեցի կաթողիկոսը նախ ավարտին է հասցնում Փիլիպոս կաթողիկոսի սկսած Սբ. Էջմիածնի զանգակատան կառուցումն ու քանդակազարդումը, ինչպես նաև վերաշինում Դարաշամբի Ս. Ստեփանոս Նախավկա վանքը, նորոգում է Սբ. Հռիփսիմեի, Սբ. Գայանեի վանքերը։

1665-67 թթ. այցելել է Զմյուռնիա, Երուսաղեմ, Կ. Պոլիս՝ կարգավորելով Աղթամարի կաթողիկոսության, Կ. Պոլսի, Երուսաղեմի պատրիարքությունների միջև ծագած պառակտությունները։

Հակոբ Դ Ջուղայեցի կաթողիկոսն ունեցել է Հայաստանը պարսկական լծից ազատելու ծրագիր։ 1677 թ. Էջմիածնում, Ղարաբաղի մելիքների և հոգևորականների մասնակցությամբ գումարել է խորհրդակցություն, որտեղից էլ սկսվել է Արևելյան Հայաստանի ազատագրության համար Իսրայել Օրու հայրենանվեր գործունեությունը։ Ջուղայեցին մշտապես կողմնակից է եղել Արևմուտքի հետ համագործակցությանը և բազմաթիվ նամակներ է հղել ռուսական ցար Ալեքսեյ Միխայլովիչին՝ ակնկալելով Ռուսաստանի օգնությունը[2]։ Լինելով սիրված Շահ Աբասի կողմից, Հակոբ Դ Ջուղայեցուն հաջողվում է Վաղարշապատ գյուղի վեց դանկ մուլքը վերստին ետ առնել և վերադարձնել Մայր Աթոռ։ Գնում է նաև այլ գյուղերի մուլքերը և ավելացնում Մայր Աթոռի եկամուտը կայուն կալվածագրերով։

Գետնի տակից հանում է նաև երկու քանքան՝ մեկը Վաղարշապատ գյուղի ներքևի կողմում, մյուսը՝ Սուրբ Աթոռի տարածքում, որի վրա կառուցում է նաև մի ջրաղաց, որն էլ երբեք չի դադարում աշխատելուց։

Հակոբ Դ Ջուղայեցի կաթողիկոսի դեմ էր ուղղված Ոնոփրիոսի գործած նենգությունները, երբ վերջինս փորձում էր կոթողիկոսական Աթոռին նստեցնել Երուսաղեմի պատրիարք Եղիազար վարդապետ Հռոմկլայեցուն / հետագայում կաթողիկոս՝ Եղիազար Ա Այնթափցի/, սակայն ոչինչ էլ չի ստացվում և Էջմիածնի առաջնորդների ու իշխանների ջանքերով Հակոբ Դ Ջուղայեցին փառավոր կերպով կրկին վերադառնում է Սուրբ Աթոռ։

Հակոբ Դ Ջուղայեցի կաթողիկոսը վախճանվում է 1680 թ. Կ. Պոլսում և թաղվում Ղալաթիայի Սբ. Լուսավորիչ եկեղեցու բակում։ Նրա գերեզմանը դարձել է ուխտատեղի։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]


Նախորդող՝
Փիլիպոս Ա Աղբակեցի
Կաթողիկոս
1655–1680
Հաջորդող՝
Եղիազար Ա Այնթափցի
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 67